Elections When the Enemy is Inside: Which Forces are Starting the Struggle
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն 13-րդ օրն է, որ ադրբեջանական կողմը Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում երեք ուղղություններով առաջ է եկել, հաստատվել ՀՀ ինքնիշխան տարածքում եւ չի էլ պատրաստվում հեռանալ: Եվ այս ամենի ֆոնին, ՀՀ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ոչ թե ելքեր են առաջարկում, այլ պատրաստվում են նախընտրական քարոզարշավի, գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ավելին՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի օրակարգում անգամ այդ հարցը չկա, եւ նրանցից ոչ ոք պատկերացում չունի՝ ինչպես են լուծելու խնդիրը, ինչպես են ադրբեջանական զինուժին հետ շպրտելու.
Փորձենք ամփոփել եւ հասկանալ, թե այս պահի դրությամբ որ քաղաքական ուժերը ինչպես են մասնակցում ընտրություններին: Իշխող ուժն այս անգամ ընտրություններին կգնա միայնակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, սակայն նախընտրական ցուցակում ամեն 5-րդը նոր անձ է լինելու՝ դրսից.
Միայնակ են ընտրություններին մասնակցելու նաեւ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, եւ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Արտախորհրդարանական ուժերից միայնակ է գնում նաեւ Հայ ազգային կոնգրեսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, «Հանրապետություն», «Եվրոպական», «Արդար Հայաստան», «Քաղաքացու որոշում» կուսակցությունները.
Իսկ ինչպե՞ս են մասնակցելու քաղաքական մյուս ուժերը. «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ-ն կազմել են «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «Հայրենիք»-ՀՀԿ-ն՝ նորացված կազմով, Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, կազմել է «Պատիվ ունեմ» դաշինքը, Արման Բաբաջանյանը եւ Լեւոն Շիրինյանը միավորվել են՝ ստեղծելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», ՌԴ-ից «նախընտրական հյուրախաղերով» Հայաստան ժամանած Արա Աբրահամյանը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն էլ ՀԴԿ-ի հետ է պայքար սկսել.
Այսօր վերջնաժամկետն է, երբ քաղաքական ուժերը պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց ցուցակները, սակայն արդեն իսկ պարզ է, որ մեծաթիվ ուժերով ընտրություններ են սպասվում»:
Միջոցները, որոնց շնորհիվ ծանոթացեք հոդվածի ամբողջական տարբերակին, կարող եք գտնել «Ժողովուրդ» թերթի՝ այսօրվա համարում։