What is the Reason Behind the 30-Minute Limit on Transport Payments?
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը հանրային տրանսպորտում քարտով վճարում կատարելուց հետո հաջորդ վճարման համար 30 րոպե ժամանակային սահմանափակում է դրել: Այս մասին ԱՐՄԵՆՊՐԵՍՍ-ի հետ զրույցում պարզաբանել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը:
Ինչպես նշվում է բանկային քարտերին հաճախ լինում են նաև անսահմանափակ տարիֆային պլաններ, ինչն էլ չարաշահման հնարավորություն է տալիս: «Քաղաքացին, իմանալով, որ բանկային քարտն ունի տարիֆային պլան, որն անսահմանափակ է, քարտով անցկացնում է իր բոլոր ծանոթ բարեկամներին և վնաս հասցնում համակարգին: Նմանատիպ փորձ մենք քաղաքացիների կողմից ունեցել ենք՝ և՛ բանկային քարտով, և՛ տրանսպորտային քարտով: Այդ չարաշահումների հետևանքով մենք ստիպված ենք եղել այդ երկու սահմանափակումն էլ դնել՝ ինչպես տրանսպորտային քարտերի վրա, այնպես էլ բանկային»,–ասում է «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը:
30 րոպեի սահմանափակումը գործում է նույն տրանսպորտի համար՝ մետրոյի նույն կայարանում, նույն համարի ավտոբուսում կամ տրոլեյբուսում: Եթե քաղաքացին փոխում է տրանսպորտային միջոցը, վալիդատորն ընդունում է վճարումը. Այսինքն՝ տեղփոխով ուղևորվող քաղաքացին այս սահմանափակումը չի զգա:
Իսկ, թե ինչու ժամանակային սահմանափակումը չի տարածվում միայն այն բանկային քարտերի վրա, որոնց վրա կան տարիֆային պլաններ, պայմանավորված է վալիդատորի օֆլայն աշխատանքով: Վճարման պահին հնարավոր չէ տարանջատել բանկային քարտերը՝ ըստ տարիֆային պլանի և տարիֆային պլանի բացակայության:
Քաղաքացիները բարձրաձայնում են՝ վալիդատորը վճարումը երբեմն մերժում է, բայց ավելի ուշ նկատում են՝ գումարը գանձվել է: Այնինչ, գանձված գումարը ձեր նախորդ երթերից գոյացած պարտքն է, որի պատճառով հայտնվել էր սև ցուցակում: Երբեմն վալիդատորը կանաչ լույս է վառում, սակայն քարտից գումար չի գանձվում: Պատճառները կարող են տարբեր լինել՝ քարտի վրա անբավարար միջոցների առկայությունից մինչև օրվա գործարքների քանակի ու գումարի սահմանափակում:
Անսահմանափակ երթերով փաթեթներ ձեռք բերելիս պետք է հիշել՝ գործում է «մեկ անձ՝ մեկ տոմս» սկզբունքը:
Իսկ ինչ կլինի, եթե քաղաքացին կորցնի տրանսպորտային քարտը. եթե քարտը նույնականացված չէ, ապա կորցնելու դեպքում ընկերությունը չի կարող օգնել: Կորցրած նույնականացված քարտերի դեպքում տարիֆը հնարավոր է գտնվում է նոր գնված քարտին: